National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.03.2023
Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթաց
1 / 9

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

2022 թվականին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր, բաց մասնակցային գործընթացը, ձեւավորվել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ մասնագիտացված հանձնաժողովը:

Մեկնարկել է նաեւ նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ եւ ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաեւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է նաեւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին` քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր` հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն դատական եռաստիճան շղթան:

Բարձրացվել են Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ եւ այլն:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարար Գրիգոր Մինասյանին:  Զեմֆիրա Միրզոեւան հետաքրքրվել է, թե ինչու զեկույցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող որեւէ դրույթ չկա: Պատգամավորի գնահատմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված կա հետընթաց, քանի որ չկա առաջընթաց: Այս տեսակետի հետ չեն համաձայնել թե' արդարադատության նախարարը, թե' պատգամավորները` գործընկերոջը հորդորելով փաստեր ներկայացնել: «Ամենեւին համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Բացարձակ հետընթաց չկա: Իսկ եթե կա, խնդրում եմ փաստերով խոսել»,- ասել է Գրիգոր Մինասյանը: «Եթե չկա առաջընթաց, դա չի նշանակում, որ կա հետընթաց»,- ընդգծել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը` նկատելով, որ իշխանության եւ Կառավարության համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են ե'ւ իրավունքների, ե'ւ պատասխանատվության առումով` անկախ ազգային, կրոնական եւ այլ պատկանելություններից, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Զեմֆիրա Միրզոեւայի հնչեցրած տեսակետը չեն կիսել նաեւ հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Բաքոյանը, որոնք նույնպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես խնդիր` պատգամավորը, մասնավորապես, նշել է եզդիերենի ուսուցիչների պակասը: «Մեր Կառավարությունն ունի բավարար կամք` լսելու եւ խնդիրներին լուծումներ տալու, այստեղ մենք անելիք ունենք»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը:

Եզրափակիչ խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում անկյունաքարային է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը: Նախագիծն Արդարադատության նախարարությունը մշակել է, այն գրեթե պատրաստ է: Նախարարը ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւային առաջարկել է համագործակցել նախագծի լավարկման շուրջ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am